Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստան նավթամթերք մատակարարելու մասին համաձայնագիրը

Նավթամղիչ ճոճանակ
Ղազախստանից Հայաստան առաքվող կոնկրետ ապրանքները չեն կարող արտահանվել երրորդ երկրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հուլիսին Նուր Սուլթանում։ Փաստաթուղթը սահմանում է երկու երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների մատակարարման վերաբերյալ` բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածխի:
«Համաձայնագրով նախատեսվում է արտահանման մաքսատուրքեր չգանձել Ղազախստանից Հայաստան մատակարարվող այն ապրանքների համար, որոնք ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռներով նախատեսված ծավալներով մատակարարվում են ներքին սպառման համար»,- ասված Է Սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման և ձեռներեցության կոմիտեի եզրակացության մեջ:
Ընդ որում` Ղազախստանից Հայաստան առաքվող սահմանված ապրանքները ենթակա չեն արտահանման երրորդ երկրներ։ Այդ պարտավորության խախտումը բացահայտելու դեպքում ղազախական կողմը կարող է արգելել կամ կասեցնել տվյալ ապրանքների` առանց մաքսատուրքերի մատակարարումները։
Համաձայնագրի վավերացումից հետո այն պետք է ստորագրի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: