«Դուք ևս մի անգամ ապացուցեցիք, որ իրար վստահել չկա»․ ոստիկանը՝ ընդդիմությանը

Բողոքի ակցիա կառավարության մետ
Կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրներն ու ոստիկանների առաջնորդները բանակցությունների մեջ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ընդդիմադիրները կառավարության շենքի դիմաց են, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմադիր Արամ Վարդևանյանին և մյուսներին, ասաց, որ ընդդիմությունը հերթական անգամ «ապացուցեց, որ իրար վստահել չկա»։
«Չկա՞ր պայմանավորվածություն, որ էնտեղ եք մնալու», - ասաց Հովհաննիսյանը։
Նրան ի պատասխան Իշխան Սաղաթելյանը եկավ ոստիկանների հետ խոսելու, բայց մինչ այդ ժողովուրդն արդեն պոկեց-անցավ ոստիկանական պատնեշը ու հասավ շենքի մոտ։
Մինչ այդ, բողոքի երթն անցավ Աբովյան փողոցով, որտեղ Չեռնոգորիայի նախագահի կանգ առած հյուրանոցի` Grand Hotel Yerevan-ի պատուհանների տակ ցուցարարները գոչեցին` «Առանց Նիկոլ Հայաստան»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։