ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկային մենամարտում հաղթանակի հասավ Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդոյի նկատմամբ։
Դավիթ Չալոյանը շատ գրագետ ու վստահ մենամարտ անցկացրեց. առաջին ռաունդի առաջին իսկ վայրկյաններից հայ բռնցքամարտիկը իր կամքն էր թելադրում մրցակցին։ Յուրայ Սոլիդոն, որը ավելի կարճահասակ է, ձգտում էր մերձամարտ պարտադրել Չալոյանին։ Բայց հայ բռնցքամարտիկն իր աշխատանքային՝ ձախ ձեռքով, մեկը մյուսի հետևից ուղիղ հարվածներով նախ միավորներ էր վաստակում, բացի այդ, մրցակցին պահում տարածության վրա։ Եվ առաջին ռաունդում բոլոր մրցավարները գնահատեցին մեր բռնցքամարտիկի վարպետությունը` հաղթանակ շնորհելով 5։0 հաշվով։
Մենամարտի հետագա ընթացքում էլ Չալոյանն իր բարձրության վրա էր։ Ամբողջ մենամարտի ընթացքում կասկած չկար, որ Դավիթ Չալոյանը հաղթում է։ Եվ դա ապացուցեցին մրցավարները, որոնք միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհեցին Դավիթին։ Մայիսի 27-ին Չալոյանը կանցկացնի իր մենամարտը քառորդ եզրափակիչում։
Այսպիսով` մայիսի 26-ի ցերեկային մրցահերթում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Հովհաննես Բաչկովը, Գուրգեն Մադոյանը և Դավիթ Չալոյանը։ Իսկ երեկոյան մրցահերթում Նարեկ Մանասյանը (92 կգ) մրցելու է սլովակ Դավիդ Միխալեկի հետ։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: