ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. 2021 թվականի սեպտեմբերին մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի կանանց բարձրագույն խմբի 2021-2022 թվականների առաջնության վերջին խաղը տեղի ունեցավ այսօր՝ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Երևանի «Արարատ-Արմենիա» թիմի հետ խաղում գյումրեցիները գրանցել են հաղթանակ 20:0 հաշվով:
««Հայասան» խաղացել է 16 խաղ ու բոլորում հաղթել է, 14-ը՝ խոշոր հաշվով: Ընդհանուր առմամբ, խփել է 130 գոլ՝ իր դարպասն ընդունելով միայն 3-ը»,- հպարտությամբ նշում է թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը՝ հիշեցնելով, որ թիմը նախորդ տարի ևս առաջնության հաղթողն էր:
Մրցանակաբաշխության ժամանակ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թիմի գլխավոր մարզիչը հաղթանակների գրավականը համարում է տարիների փորձն ու աշխատասիրությունը:
«Նշանակալի է նաև լեգիոներների ներկայությունը՝ ներկա պահին 8 լեգիոներ ունենք Գանայից, Ուկրաինայից, Ղազախստանից. նրանք հիմնականում բարձրակարգ ֆուտբոլիստներ են, որոնք խաղում են իրենց երկրների հավաքականների կազմում, ինչը մեր պրոֆեսիոնալ թիմը նոր մակարդակի է բարձրացրել »,- ասաց մարզիչը։
Հաղթանակից հետո աղջիկները կարճատև հանգիստ կունենան, ապա կպատրաստվեն ՈւԵՖԱ-ի կանանց 2022-2023 չեմպիոնների լիգայի մրցաշարին։