«Տղա են, թող գան». ընդդիմությունը հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կհրավիրի

Իշխան Սաղաթելյանը` բողոքի ակցիային
Ընդդիմությունը ցանկանում է իշխանության հետ քննարկում ունենալ միայն իր առաջարկած ու ներկայացրած օրակարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով և հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ։ Երեկոյան մանրամասն կխոսեմ այդ մասին։ Այժմ հայտարարում եմ` տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»,- նշեց Սաղաթելյանը` պատասխանելով իշխանության հնչեցրած այն հարցին, թե ինչու ընդդիմությունը խորհրդարան չի գնում կամ չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին։

Նա ընդգծեց` իրենք չեն խուսափում խորհրդարան գնալուց, խուսափում են կեղծ օրակարգերի մաս կազմելուց։
ԱԺ փոխխոսնակը նաև հայտնեց, որ այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսվում է խորհրդարանի 2 ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումն ամբողջ կազմով, և հավելեց, որ կարևոր հանդիպում է լինելու։
Իսկ ժամը 19։00-ին Գարեգին Նժդեհ հրապարակում նախատեսված է ընդդիմության հանրահավաք, որից հետո՝ ավանդական երթը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Այդ ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել ԱԺ նիստերին։