Պատգամավորները նամակ են գրել Արայիկ Հարությունյանին․ նրանք ԱԽ-ի հրատապ նիստ են պահանջում

Արայիկ Հարությունյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արցախի Ազգային ժողովի խորհրդարանական կուսակցություններն Անվտանգության խորհրդրի հրատապ նիստ անցկացնելու պահանջով դիմել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է artsakhpress.am-ը։
Ըստ հաղորդագրության՝ կուսակցությունները համարում են, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում պետք է ներառել բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրադրությունը։
Նամակը ստորագրել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը:
Այս ամենը լիովին համահունչ է Ադրբեջանի թեզերին. Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: