Պահանջում ենք, որ ԱԺ–ն հստակ հայտարարությամբ հանդես գա. Սաղաթելյանը ներկայացրեց դրույթները

Հայտարարությունը վերաբերում է հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ընթերցեց այն հայտարարության տեքստը, որն առաջարկում են, որ ԱԺ–ն ընդունի։
Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, ԼՂՀ–ի և Արցախի ժողովրդի 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները` հայտարարում ենք.
ՀՀ-ն աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ–ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է ԼՂ կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
ՀՀ–ն պետք է ապահովի հուսալի ցամաքային կապ ՀՀ-ի և Արցախի միջև` բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։
ՀՀ–ի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման` հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով։
Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ–ն բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության ` հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։
Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն, կոմունիկացիների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանության։
Սաղաթելյանը հավելեց, որ սա այն նվազագույն պահանջն է, որով պետք է ցանկացած իշխանություն առաջնորդվի։ Նա նշեց նաև, որ գիտեն` գործող իշխանությունը չունի այդ համարձակությունն այս հայտարարությունը ստորագրելու, վախենալու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, քանի որ պայմանավորվածություններ ունեն։