ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսական Sputnik V պատվաստանյութն արդյունավետ կերպով պաշտպանում է COVID-19-ի «Օմիկրոն» շտամից և ավելի շատ հակամարմիններ է առաջացնում, քան ամերիկյան Pfizer պատվաստանյութի երկու դեղաչափերը միասին։ Այս մասին են վկայում Իտալիայի Սպալանզանի ինստիտուտի հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Vaccines բժշկական ամսագրում, հաղորդում է Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը։
Հայտնի է, որ Sputnik V պատվաստանյութը «օմիկրոնի» վիրուսը չեզոքացնող հակամարմինների, ընդհանուր առմամբ՝ 2,1 անգամ բարձր ցուցանիշ է դրսևորում, իսկ պատվաստումից երեք ամիս անց՝ 2,6 անգամ։ Այսպիսով, Sputnik V-ով պատվաստվածների արյան շիճուկի՝ փորձարկված բոլոր նմուշների 74,2 տոկոսը չեզոքացրել է օմիկրոնը (Pfizer-ի 56,9 տոկոս)։
Մասնագետները պարզել են, որ Sputnik V-ն ավելի ուժեղ հակազդում է առաջացնում, քանի որ վիրուսը չեզոքացնող հակամարմինների ավելի լայն ընդգրկում ունի:
Նշվում է, որ հետազոտությունն անցկացվել է Սպալլանզանի ինստիտուտում, լաբորատոր հավասար պայմաններում՝ Sputnik V-ով և Pfizer-ով պատվաստված անձանց արյան շիճուկի նմուշների փորձարկման արդյունքների հիման վրա:
Գիտական հոդվածը պատրաստել է 12 իտալացի և 10 ռուս գիտնականներից կազմված թիմը՝ Սպալլանզանի ինստիտուտի տնօրեն Ֆրանչեսկո Վայիի և Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինզբուրգի գլխավորությամբ, ինչպես նաև անցել է միջազգային փորձագետների գրախոսման ընթացակարգ: