ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման վաղվա ծրագրերի մեջ որոշակի փոփոխություններ են արվել, քանի որ վաղը Չեռնոգորիայի նախագահն է ՀՀ գալիս։ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով վաղվա անելիքները։
«Վաղը ակցիաները կսկսվեն ժամը 10։30-ից. նախ այդ ժամին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով կշարժվենք դեպի ԲԴԽ։ Մեզ դիմել են մեր հերոս տղաների ծնողները. վաղը նրանք ԲԴԽ-ի մոտ բողոքի ակցիա են անելու, և մենք էլ կգնանք նրանց աջակցելու։ Բացի այդ, ժամը 15։30-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում` պետք է պատշաճ կերպով դիմավորենք և հետապնդենք ՀՀ-ում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակության»,-ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ժամը 15։30-ից մինչև 19։30-ը թեժ պայքար է լինելու։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։