Մեկ հաղթանակ, մեկ պարտություն. հայ մարզիկները` Եվրոպայի առաջնության մրցումներում

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 13 բռնցքամարտիկներից երեքն արդեն դուրս են մնացել պայքարից։ Որոշ քաշային կարգերում բռնցքամարտիկները դեռ չեն անցկացրել իրենց առաջին մենամարտերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր 86 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակի հասավ բուլղարացի Քրիստիան Դիմիտրով Ստեֆանովի նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/8 եզրափակիչում զիջեց գերմանացի Կևին Շումանին։

Ռաֆայել Հովհաննիսյանն իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց 1/8 եզրափակիչից, որում մրցեց բուլղարացի Քրիստիան Դիմիտրով Ստեֆանովի հետ։ Հայ բռնցքամարտիկի առավելությունը մրցակցի նկատմամբ ակնհայտ էր բոլոր երեք ռաունդներում։ Առաջին ռաունդում Հովհաննիսյանի բազմաթիվ հարվածներից հետո մրցավարը բացեց հաշիվը` արձանագրելով նոկդաուն։ Հետագայում զգացվում էր, որ Ռաֆայելը կարող էր հաղթել և՝ ժամանակից շուտ կամ նոկաուտով։ Բուլղարացին դիմացավ, բայց դա ոչ մի կերպ չազդեց մրցավարների որոշման վրա։ Հովհաննիսյանը հաղթեց բոլոր 5 մրցավարների միաձայն որոշմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մայիսի 27-ին մենամարտելու է Բելգիան ներկայացնող Վիկտոր Չելստրաետեի հետ։

75 կգ քաշային կարգում մեկնարկային մենամարտում հաղթանակ տանելուց հետո Վախթանգ Հարությունյանն այսօր անցկացրեց երկրորդ մենամարտը, որում նրա մրցակիցն այս քաշային կարգում ֆավորիտ հանդիսացող Գերմանիայի ներկայացուցիչ Կևին Շումանն էր։ Հայ բռնցքամարտիկը, կարելի է ասել, հավասար մենամարտ անցկացրեց, բայց մրցակիցը մեր մարզիկին գերազանցեց դիպուկ հարվածներով ու հաղթանակի հասավ միավորներով։
Մայիսի 25-ին երեկոյան մրցահերթում իր առաջին մենամարտը այս մրցումներում անցկացնելու է Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որից սպասելիքներն այս առաջնությունում բավականին մեծ են։ Հայ բռնցքամարտիկի առաջին մրցակիցն է լինելու հունգարացի Ռոլան Վերեշը։
Դիպուկ հարվածներ. բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը հաղթեց մոլդովացուն
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: