Կարծես կա համընդհանուր ընկալում. Արարատ Միրզոյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Արարատ Միրզոյան
ԱԳ նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» խնդրին և վստահեցրել, որ հայկական կողմի համար ընդունելի պարամետրերով է ապաշրջափակում իրականացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությամբ, որը շրջանառում է Ադրբեջանը, հայկական կողմի համար անընդունելի է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` խոսելով խաղաղության պայմանագրի մասին հայկական կողմի պատկերացումների մասին։
«Մեզ համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությունը, որը շրջանառում է Ադրբեջանը։ Կարծես կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու` բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով և պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»,–ասաց նախարարը։
Անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրին` Միրզոյանը նշեց, որ այդ հարցում կան որոշակի ուղղություններ, որոնցով որոշակի առաջընթաց կա, բայց նաև կան ուղղություններ, որ փորձում են հասկանալ, թե ընդհանուր ինչ եզրեր կարող են գտնել։
«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով որոշակի առաջընթաց կա։ Տեղյակ եք, որ երեկ ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են։ Առաջին հանդիպումը աշխատանքային հարցերի վերաբերյալ է եղել։ Տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցում նույնպես պատկերացումների որոշակի համընկնում կա։ Այս առումով ես լավատես եմ»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները խաղաղության պայմանագրի հարցում միշտ չէ, որ համընկնում են։
«Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը». Ալիևը` Բաքվի և Անկարայի քայլերի մասին
Հիշեցնենք` ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Հայաստանը պետք է նրանց «միջանցք» տրամադրի Նախիջևանի հետ կապ ունենալու համար, հակառակ դեպքում այդ միջանցքը կվերցվի ուժով:
Թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել են, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը որևէ միջանցք չի ենթադրում։