ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ և կարևորել ակտիվ ու շարունակական համագործակցությունը` մարդասիրական մի շարք խնդիրների լուծման գործում: Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին։
«Նախագահը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում»,- նշված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախի պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակելուն վերաբերող հարցեր:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի բարձրացրած հարցերն առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են: