ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն միաձայն քվեարկությամբ`64 կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քրեադատավարական օրենսգրքում ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
Նոր փոփոխության արդյունքում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն այսուհետ կզբաղվի միայն պետական ոլորտում հանցագործությունների նախաքննությամբ։ Ինչպես Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, այս կարգավորումը կնպաստի կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեն կկարողանա ավելի սեղմ թվով հանցակազմերի քննության պարագայում ավելի արդյունավետ կերպով քննարկել կոռուպցիոն այն հանցանքները, որոնք ավելի կարևոր են։ Իսկ մասնավոր հատվածի կոռուպցիոն գործերը կտեղափոխվեն այլ մարմիններ»,– ասաց նա։
Փոխնախարարի ներկայացրած տեղեկանքի համաձայն`2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀԿ–ում քննվել է 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ։ Կոմիտեի 33 քննիչներից յուրաքանչյուրն իր վարույթում միջինում ունեցել է 10-11 գործ։