Կիբեռհանցագործությունների բազմաթիվ դեպքեր կան Հայաստանում, այդ թվում՝ քաղգործիչների, լրագրողների նկատմամբ։ Բայց եթե պետությունն է նման բան անում, դա դիտարկվում է որպես հարված ժողովրդավարությանը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը` խոսելով կիբեռհանցագործությունների մասին։
«Ծրագրեր վաճառող ընկերությունները հայտարարում են, որ տվյալ ապրանքը կամ ծառայությունը վաճառում են պետական մակարդակի միավորներին՝ ոստիկանությանը, ԱԱԾ-ին և այլն, հանցագործների դեմ պայքարելու համար։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ծրագիրը գնելուց հետո պետությունը չի կարող դա օգտագործել նաև իր ընդդիմախոսների դեմ»,- ասաց Պապյանը։
Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր՝ Cytrox կոչվող կոմերցիոն ընկերությունը զրոյական օրվա հինգ էքսփլոյթ է վաճառել պետության կողմից աջակցվող հավանական սուբյեկտներին, որոնք դրանք օգտագործել են տարբեր սարքերի հասանելիություն ունենալու և նույն ընկերության արտադրանք համարվող Predator լրտեսական ծրագիրը տեղադրելու համար:
Թվարկվող պետությունների շարքում Google-ը նշում է նաև Հայաստանը, այսինքն` Հայաստանի կառավարության կողմից աջակցվող հավանական սուբյեկտները գնել են այդ էքսփլոյթները։
Պապյանը նախ բացատրեց՝ ինչ է զրոյական օրվա էքսփլոյթը. դրանք սովորաբար ծրագրերի մեջ այնպիսի խոցելիություններ են, որի մասին ծրագիրն ապահովող ընկերությունը (օրինակ՝ Google-ը կամ Mozilla-ն) չգիտի, իսկ հանցագործները գիտեն, և այդ խոցելիությունից ելնելով իրենց զոհին տալիս են որևէ կայքի հղում, որն այցելելը բրաուզերի մեջ վիրուս է գցում։
«Քանի դեռ այդ ընկերությունները տեղյակ չեն խոցելիությունից, հանցագործները հանգիստ օգտագործում են։ Հենց ընկերություններն իմանում են, փորձում են հնարավորինս արագ լուծել, այնուհետ լինում են թարմացումներ։ Այդպիսի էքսփլոյթներ լինում են տարբեր բաների համար՝ օպերացիոն համակարգերի, հեռախոսների և այլն»,- մանրամասնեց Պապյանը։
Այս դեպքում, Google-ի թվարկած էքսփլոյթները վերաբերում են տարբեր բրաուզերների, սակայն խնդիրն, ըստ մեդիափորձագետի, ոչ թե այն է, թե ինչին են դրանք վերաբերում, այլ այն, որ դրանք օգտագործվել են գրեթե նույն նպատակով։
«Կոնկրետ արշավ է իրականացվել, որի ընթացքում այդ էքսփլոյթները վարակել են սարքեր, որ կարողանան սարքի նկատմամբ վերահսկողություն հաստատել և դրանից ինչ-որ ինֆորմացիաներ վերցնել»,- բացատրեց մեդիափորձագետը։
Անդրադառնալով հրապարակման` Հայաստանի կառավարությանը վերաբերվող մասին, Պապյանը նշեց, որ անցած տարի կանադական The Citizen Lab-ը ևս Predator ծրագրի մասին հայտարարություն էր արել ու այդ կոնտեքստում հիշատակել Հայաստանին, սակայն այն ժամանակ անդրադարձը Հայաստանին որոշ վերապահումով էր, իսկ հիմա Google-ն ավելի հստակ է պնդում։
«Այն ժամանակ նշվում էր՝ կա ենթակառուցվածք Հայաստանում, որը որոշ կասկածների տեղ է տալիս, որ գուցե ՀՀ իշխանությունը ներգրավված է նման բանում։ Google-ն ավելի հստակ է՝ կարծես թե, հավանական է, որ ՀՀ իշխանությունները Cytrox-ի հաճախորդներն են։ Ի վերջո, չունենք 100 տոկոսանոց ապացույց, դրա համար էլ տեսնում ենք հավանական ձևակերպումներ»,- մեկնաբանեց մեդիափորձագետը։
Իրականում, Պապյանի կարծիքով, երբ պետությունը նման ծրագրերը օգտագործում է ընդդիմախոսների կամ իրեն քննադատողների դեմ, դա պետության վրա վատ է ազդում, քանի որ այդ փաստը հայտնվում է տարբեր միջազգային զեկույցներում ու դիտարկվում որպես ժողովրդավարության դեմ հարձակում։
«Մի բան է ահաբեկիչներին ու հանցագործներին բռնելու համար օգտագործելը, մեկ այլ բան՝ ընդդիմախոսների, լրագրողների կամ քաղաքական ընդդիմադիրների դեմ օգտագործելը, դա արդեն նշանակում է կիբեռզենքի կիրառում լեգիտիմ ժողովրդավարական գործընթացների դեպքում, ու չի կարող վատ չանդրադառնալ պետության վրա»,- ասաց Պապյանը։
Մեդիափորձագետը նաև անդրադարձավ «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների մեկնարկի ժամանակ տարածված այն տեղեկություններին, որ տարբեր գործիչների տելեգրամյան ալիքներ են կոտրվում։ Այդ ժամանակ էլ սոցցանցերում խոսվում էր այն մասին, որ հաշիվները կոտրում են իշխանությունները։ Պապյանի դիտարկմամբ՝ հայտնի չէ, թե այդ ալիքներն ինչ ճանապարհով են կոտրվել, սակայն մեկ հաշիվ կոտրելուց հետո հավանական հանցագործը ստուգել է այդ հաշվի հեռախոսագիրքը ու դրա բաժանորդներին արդեն ուղարկել է իրեն հարմար հղումները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի մի քանի ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ իրենց հեռախոսներում լրտեսական ծրագրեր են տեղադրվել։ Նախ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այդ մասին նամակ է ստացել «Apple» ընկերությունից։
Ավելի ուշ նույն խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ևս հայտարարել էր, որ տարբեր հաղորդագրություններ է ստացել վտանգավոր հղումներով, որոնք իր սարքը կոտրելու և լրտեսական ծրագրեր տեղադրելու նպատակով են ուղարկվում։