Գերիների վերադարձը պետք է օրակարգի առաջնային հարցը լինի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Պատգամավորը կարևորում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ կետի իրականացումը, այլապես տրամաբանական չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կամ այլ գործընթացների մասին խոսելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի պնդմամբ` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը պետք է օրակարգի առաջնային հարցը լինի իշխանության համար։ Նա իր տեսակետը հայտնեց Ֆրանսիայի հրապարակում` պատասխանելով քաղաքացիներից Ռաֆայել Ավետիսյանի հարցին, թե ինչ լծակներ կարող են օգտագործվել, որպեսզի հայ գերիները վերադառնան հայրենիք։

«Մեզ համար ամենակարևոր ու ցավոտ ուղղություններից է։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ կետը չի իրականացնում։ Հայաստանի համար այդ հարցի առաջնահերթությունը պետք է լինի նոյեմբերի 9-ի փաստաթղթի` գոնե մեզ համար նպաստավոր 1-2 դրույթի իրականացումը։ Կարծում եմ, որ մեր գերիների վերադարձը պետք է դառնա օրակարգի առաջնային հարց»,- ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում իշխանությունները գերիներ, ռազմագերիների վերադարձի հարցն առհասարակ օրակարգից հանել են։
Պատգամավորի խոսքով` առանց հայտարարության այդ կետի իրականացման, տրամաբանական չէ խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների կամ այլ գործընթացների մասին։
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ:
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է պահվող 39 գերու փաստը, որոնցից մեկը վերջերս մոլորվելու հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քաղաքացին է։
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվն ավելի շատ է։