ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ հունվար-ապրիլի տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` ապրիլին արձանագրվել է 9.4% տնտեսական աճ։
Ընդ որում` աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում։ Արտաքին առևտուրն աճել է 22.5%–ով (արտահանում` 19.8, ներմուծում` 24.1), առևտրաշրջանառությունն ավելացել է 8.6%–ով, արդյունաբերությունը` 1.2, շինարարությունը` 15.6%–ով։ Ամենամեծ աճը` 27.1%, արձանագրվել է ծառայությունների ոլորտում։
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն այս հանգամանքը պայմանավորում է ՀՀ–ում այդ ժամանակահատվածում գրանցված միջազգային այցելուների աճով։ «Հարկ է նշել, որ միջազգային այցելուների մասով ևս փաստացի ծառայությունների արտահանում է իրականացվում, ուստի հետագայում կարևոր հանգամանք է, թե որքան երկար ու ավելի հիմնավոր կհաստատվեն միջազգային այցելուները և կավելացնեն մեր երկրի պոտենցիալը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուկյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս մեկնաբանել է տնտեսական վերջին ցուցանիշները։
«Աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ շտկի իրավիճակը»,– գրել է նախարարը սոցցանցում։
Հարկ է նաև նշել, որ տնտեսական բոլոր ցուցանիշներին զուգահեռ` Հայաստանում աճել են նաև սպառողական գները։ 2022թ–ին դրանք արդեն բարձրացել են 7.4%–ով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին կառավարության նիստում, անդրադառնալով Վերին Լարսում պարբերաբար առաջացող լոգիստիկ խնդիրներին, ասել էր, որ ուկրաինական իրադարձություններով պայմանավորված` Սև ծովով բեռնափոխադրումների սահմանափակումների հետևանքով Վերին Լարսով բեռնափոխադրումների խնդիրն ավելի է սրվել։ Բեռնափոխադրման խնդրի լուծման համար ՀՀ կառավարությունը լաստանավային փոխադրող «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ–ի հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն` 2022թ–ի հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն։ Լաստանավային փոխադրումները կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը։