ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը։
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում` Ազգային ժողովի հարևանությամբ, ինչպես նաև նստավայրի մոտ, բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
Ընդդիմության մի հատված Սիլվա Կապուտիկյանի փողոցով ուղղվեց փակելու նախագահականի մյուս մուտքը։
«Երկրում, 1 ամիս է՝ պրոցեսներ են ընթանում, համաժողովրդական պայքար է, իսկ ստեղ նստած անձն իրականությունից կտրված է։ Նա հանրապետության նախագահը չէ, ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն է այս շենքում։ Արգելափակում ենք նախագահականի գործունեությունը»,- նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
Շարժման մեկ այլ անդամ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ասաց, որ չեն պատրաստվում շենք մտնել, անգամ, եթե դուռը բաց լինի, քանի որ իրենց նպատակն այլ է։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հավելեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։
Հավաքվածները վանկարկում են՝ «տե՛ր ենք մեր Հայրենիքին», «Հայաստանին ասում ենք` այո՛, Արցախին` այո՛, Նիկոլին` ո՛չ», «առանց Նիկոլ, Հայաստան»։
Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։
Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։