ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. 2022-ի ապրիլին գերեվարված հայ զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կարտահանձնեն Հայաստանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Թրենդ» գործակալությանը։
Վերջինիս այդ մասին հայտնել է Ադրբեջանական գերիների ու պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Մարտիրոսովի հետ կապը կորել էր ապրիլի 23-ին, զորամասից մարտականի դիրք գնալու ճանապարհին։ Ավելի ուշ պարզվեց, որ զինծառայողը դեռևս չճշտված հանգամանքներում անցել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում։
Ադրբեջանական հեռուստաալիքները հաղորդել են, որ արտահանձնումը տեղի կունենա Աղդամում՝ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի հրամանատարության միջնորդությամբ։
Նշվում է նաև, որ հայ զինծառայողի ազատ արձակելու պայմանավորվածությունը ամենայն հավանականությամբ ձեռք է բերվել մայիսի 22-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ։