ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Կիևի համար անվտանգության երաշխիքների թեման քննարկվել է բանակցությունների ընթացքում, սակայն հենց Կիևն է կասեցրել գործընթացը։ Lրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Մեկնաբանելով Կիևի համար անվտանգության երաշխիքների մշակման միջազգային խորհրդատվական խմբի ստեղծման հնարավորության մասին Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությունը` Ռուդենկոն ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին։
«Նման խոսակցություն եղել է մեր բանակցային գործընթացի համատեքստում։ Բայց երբ Ուկրաինան կասեցրեց իր մասնակցությունը, ես այլևս որևէ այլ փորձի մասին չեմ լսել»,- նշել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով` Մոսկվան կասկածում է իրավիճակի խաղաղ կարգավորում գտնելու՝ Կիևի ցանկության անկեղծությանը։ Նա հավելել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսելու առաջարկները կառուցողական չեն։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ հնարավոր է շարունակել բանակցությունները՝ միայն Ուկրաինայից ռուսական զորքերը դուրս բերելու դեպքում։
«Այդ պատճառով մենք հազիվ թե կարողանանք այս հայտարարությունը գնահատել որպես կառուցողական։ Հիշեցնեմ, որ ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ օրերից Ուկրաինան ակտիվ մասնակցություն է ունեցել բանակցություններին և որևէ պայման առաջ չի քաշել։ Եվ եթե հիմա նրանք պայմաններ են դնում, դա մեզ ստիպում է կասկածել խաղաղ լուծում գտնելու ցանկության անկեղծությանը»,- ասել է Ռուդենկոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 91-րդ օրը։