Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա. Զախարովա

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը բոլոր ոլորտներում համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Մոսկվան հուսով է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այսօր ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության ու բարգավաճման գոտի դարձնելն է, այդ գործընթացին աջակցելը: Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի հարաբերությունների համալիր կարգավորումն է, ամուր խաղաղության հաստատումը։ Հիմք են կազմում առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք հետևողականորեն իրականացվում են։
Նա նշել է, որ Մոսկվան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման, հասարակական երկխոսության հաստատման ու խաղաղ պայմանագրի մշակման:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հաջորդ օրն իսկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։