Ադրբեջանում 39 հայ գերի կա. վերադարձնելու համար Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ է առաջադրում

Գերիների վերադարձ . Արխիվային լուսանկար
Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի ամենաարդյունավետ տարբերակը միջազգային ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում այդ խնդրի քննարկմանը վերաբերող հարցին։

«Մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ, և մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` բոլոր պահվող անձինք` ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն։ Այդ իմաստով ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը փաստեց, որ այս պահի դրությամբ, Ադրբեջանը հաստատել է պահվող 39 գերիների փաստը, որոնցից մեկը մոլորվելու հետևանքով վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քաղաքացին է։
Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի ամենաարդյունավետ տարբերակը միջազգային ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։
ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ դեսպանը խոսել են Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվն ավելի շատ է։