Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում. «Հրապարակ»

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը. Արխիվային լուսանկար
Շահին Մուստաֆաևը գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը գլխավորող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։ Գրում է «Հրապարակ» թերթը։
Նշենք, որ հայկական կողմից հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մուստաֆաևները Նոյեմբերյանի Ջուջևան գյուղի միակ ադրբեջանական ընտանիքն են եղել: Շահինի հայրը Ջուջևան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել: Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին Հայաստանում, մինչև 8-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը»,– գրում է թերթը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ չնայած որոշ կանխատեսումներին, թե սահմանազատման գործընթացները շատ երկար են տևելու, Բրյուսելում եռակողմ հանդիպումից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, իսկ հայկական կողմը պրոցեսը կանգնեցնելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն»,–նշում է թերթը:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Արդեն մայիսի 24–ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։