Ոստիկանությունը խուզարկել է ԱԺ-ի շենքի մոտ էշ տարած քաղաքացու տունը

Սևադա Ղուկասյան
Խուզարկության ժամանակ Սևադա Ղուկասյանը տանը չի եղել։ Ոստիկանների գործողությունները նկարահանել ու ամուսնուն է ուղարկել կինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը խուզարկել է մեկ տարի առաջ ԱԺ-ի շենքի մոտ էշ տարած քաղաքացի Սևադա Ղուկասյանի` Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գտնվող տունը։ Տեղեկությունը հայտնում է Հ.Յ.Դ. Իջևանի Ավետիս Ահարոնյան կոմիտեն։
«Դաշնակցության դեմ հարձակումները շարունակվում են, և այսօր առավոտյան ժամը 06։00-ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի տանը։ Տանը Սևադայի կինն էր, հայրը, մայրը և անչափահաս որդին»,- ասված է կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Խուզարկության ժամանակ Սևադա Ղուկասյանը տանը չի եղել։ Ոստիկանների գործողությունները նկարահանել ու ամուսնուն է ուղարկել կինը` Վեներա Շաղբաթյանը։ Տեսանյութը հրապարակել է yerkir.am-ը։
«Ահա, խնդրեմ, Սևադա ջան, առավոտը ժամը վեցից եկել են, փորփրում են ամբողջ տունը։ Մաման է իրեն վատ զգացել, երեխին են քնից հանել, սթրեսի է ենթարկվել»,- նկարահանման ժամանակ պատմում է կինը` միաժամանակ նշելով, որ ոստիկաններն անթաքույց ամաչում են իրենց արածից։
Հիշեցնենք` 2021թ-ի մայիսի 10-ին Սևադա Ղուկասյանը էշ էր բերել ԱԺ շենքի մոտ և ասում էր, որ եկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տանելու։
Նա լրագրողներին պատմել էր, որ հին հայկական ավանդույթի համաձայն` դավաճաններին էշի վրա թարս նստեցնում են ու քաղաքով պտտում, որպեսզի բոլորը ճանաչեն։
Ոստիկաններն ավանակատիրոջը բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնել էին, որ նրան բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար։
Նաև տեղեկացրել էին, որ անձնական խուզարկությամբ Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն կասկածելի զանգված։ Այդ փաստով նյութեր էին նախապատրաստվել։
Ղուկասյանին ազատ էին արձակել, իսկ ավանակին տեղափոխել էին Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող՝ կենդանիների խնամքի վայր։