Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը

Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։
Պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։
Նշենք, որ ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, որից հետո մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։
Կենտրոնական բանկի խորհուրդը կարևորում է ՎՖԲ-ի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրող, մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և խթան կհանդիսանա հայկական և լեհական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար։
ՎՖԲ-ի կողմից մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։
Նշենք, որ ՎՖԲ-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ և զարգացած շուկան է։ Այն կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով և այլ գործիքներով։ ՎՖԲ-ն հանդիսանում է հրապարակային ընկերություն, որի բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են իր մոտ շուրջ 320 մլն եվրո կապիտալիզացիայով։
ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որը կազմակերպում է ինչպես արժեթղթերի, այնպես էլ այլ ֆինանսական գործիքների առևտուր։ ՀՖԲ-ն հանդիսանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերը։ Նրա բաժնետոմսերի 90,05 տոկոսը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։