ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը, որը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակը լավագույնս ապահովելու քննարկումներն առաջ մղելու նպատակով»,– գրել է նա` միաժամանակ հանդիպումը գնահատելով որպես բրյուսելյան բանակցություններից հետո շոշափելի առաջընթաց։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
ՀՀ ԱԳՆ–ն այսօր հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։ Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։