ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի քննարկումներն անցան դռնփակ ձևաչափի։
Պաշտպան Հայկ Ալումյանը պետք է ներկայացնի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հիմքերը։
«Մայիսի 17-ին գլխավոր դատախազին նամակ եմ ուղարկել` խնդրելով ասել, թե ինչ հիմքով է մեկ այլ քրգործով խափանման միջոց ընտրել ստորագրությունը, իսկ Քոչարյանի դեպքում այն չի կիրառել։ Սակայն մինչ այսօր պատասխան չկա։ Նույն խնդրանքով հակակոռուպցիոն կոմիտեին եմ դիմել, որտեղ քննվում է մեր նշած գործը, բայց այստեղից էլ պատասխանել են, որ չեն կարող որևէ տվյալ տրամադրել»,–ասաց Ալումյանը։
Նա հայտնեց, որ վերոհիշյալ իքս գործով փաստաբան Ամրամ Մակինյանին են նամակ գրել, թե ինչ հիմքով է նրա պաշտպանյալը ստորագրությամբ ազատ արձակվել, որից ստացել են պատասխան։ Ալումյանը միջնորդեց դռնփակ նիստի անցնել, որպեսզի այդ պատասխանը ներկայացնի։
Հավելենք` նախորդ դատական նիստը նույնպես դռնփակ էր անցկացվում` կրկին Հայկ Ալումյանի միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008-ի ապրիլի 21-ը, հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։