Ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ շենքում են. նրանք փոխնախարարի հետ են զրուցում

Պատգամավորները պնդում էին, որպեսզի պաշտոնյան վստահեցնի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավորներն այժմ շրջում են ԱԳ նախարարության շենքում` վանկարկելով «Արցախ»։ Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել, և երևում է` ինչպես են պատգամավորները բարձրախոսով հայտարարում` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները վաղ առավոտից շրջափակել են ԱԳՆ շենքը։
Ի դեպ, առաջին հարկում բոլոր սենյակները դատարկ են։ Պատգամավորները ԱԳՆ շենքի պատուհանից ներքևում իրենց սպասող քաղաքացիներին հայտնեցին, որ նրանց պատգամն են պատրաստվում փոխանցել ԱԳՆ-ին։

«Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող ուրանալ, Արցախի ժողովրդի անկախությունն այլընտրանք չունի»,- ասացին պատգամավորներն ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։

Պատգամավորները պնդում էին, որպեսզի պաշտոնյան վստահեցնի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չպատասխանեց։ Պատգամավորներն Արցախի դրոշի կպչաթուղթը փակցրին փոխնախարարի կոստյումին։
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, թե պետք է արձանագրել` արտաքին գործերի փոխնախարարը չի կարողանում կրկնել «Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։
Հավելենք, որ մինչ պատգամավորները զրուցում էին Սաֆարյանի հետ, ներքևում սպասող քաղաքացիները վանկարկում էին՝ «Ար-ցա՛խ»։
Ընդդիմադիր պատգամավորները փոխնախարարի հետ զրույցից և ԱԳՆ աշխատասենյակների դռներին Արցախի դրոշի կպչաթուղթը փակցնելուց հետո դուրս եկան շենքից։
Հիշեցնենք, որ Մնացական Սաֆարյանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է։