ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու՝ ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Փաշինյանն իր տպավորություններն է ներկայացրել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ` ընդգծելով, որ թեև հանդիպումն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, բայց հանդիպումից հետո, ցավոք, հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:
Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Անդրադարձ է կատարվել նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները:
Նշենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: