ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրգործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ 2021 թ. դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն հայտարարեց, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որում՝ համայնքի ղեկավարի ընտրություն։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։