Լրագրողի աշխատանքը սահմանափակվո՞ւմ է. ՔՊ-ն առաջարկում է լրացումներ անել ԶԼՄ-ների օրենքում

Պատգամավորները բողոքում են, որ լրագրողների թույլ տված խախտումները խանգարում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, համաձայն որի, լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել նաև պետական մարմինը, եթե մեկ անգամ խախտում կատարելու համար նախազգուշացումից հետո խախտումը կրկնվել է։
Հիմնական զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց ամբողջական առաջարկը։
«Աշխատանքային գոտում լրագրողի առաջին խախտումը արձանագրելուց հետո ԱԺ աշխատակազմն այդ մասին տեղեկացնելու է լրատվական գործունեություն իրականացնողին։ Եթե նախազգուշացվելուց հետո ևս մեկ անգամ խախտումը կրկնվի, ու լրատվական գործունեությունն իրականացնողն ինքը չդադարեցնի լրագրողի հավատարմագրումը, ապա աշխատանքային բնականոն միջավայրը վերականգնելու համար պետական մարմինն իրավասու է դադարեցնելու այդ լրագրողի հավատարմագրումը։ Մենք պրակտիկ կյանքում մի քանի անգամ արձանագրել ենք նույն լրագրողի կողմից խախտումներ»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ լրատվական գործունեություն իրականացնողը կարող է խախտում կատարած լրագրողին փոխել, քանի որ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից։ Պատգամավորը շեշտեց` սա պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու, ինչպես նաև լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին փոփոխություն է։
Անդրադառնալով տարածվող այն մտահոգություններին, որ օրենքում նման լրացումները կհանգեցնեն սահմանափակումների, Հովհաննիսյանը վստահեցրեց` ամենևին այդպես չէ։
Օրենքում առաջարկվում է ամրագրել նաև, որ հավատարմագրման կարգի և տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է: Ըստ պատգամավորի՝ ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում որոշ լրագրողներ ամենատարբեր խախտումներ են անում, որոնք խաթարում են ճեպազրույցի ընթացքը, մյուս գործընկերների աշխատանքը: Նա, միևնույն ժամանակ, հիշեցրեց, որ կան նաև բազմաթիվ բարեխիղճ լրագրողներ։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պապոյանը, կարծիք հայտնեց, թե հանրության աչքում երբեմն լրագրությունը ասոցացվում է որոշ լրագրողների վարքագծի հետ: Նա ընդգծեց, որ հենց այդ ամենից ելնելով այս նախագիծն այն հարյուրավոր պրոֆեսիոնալ լրագրողների համար է, որոնք պետք է չմտածեն, որ առանձին մարդիկ կարող են իրենց ոչ հարիր վարքագծով մի ամբողջ համայնքի անվան հետ խաղալ։