Հուսով ենք տեսնել կոնկրետ քայլեր. Բորելը` Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին

Բորելի խոսքով` ԵՄ-ն կշարունակի տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքեր գործադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԵՄ-ն ողջունում Է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Հուսով ենք տեսնել կոնկրետ քայլեր, որոնք նպաստում են կայուն խաղաղություն հաստատելու դինամիկային»,- ասել է նա։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքեր գործադրել։

Նշենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: