Ընդդիմադիր կուսակցականների բնակարաններում խուզարկություններ են ընթանում

Խուզարկություններն ընթանում են ՀՅԴ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցության անդամների բնակարաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։
«Չե’ք մարսելու: Չի’ ստացվելու: Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու: Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»,- նշված է գրառման մեջ։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրել է, որ խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում:
«Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում»,- նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավելի ուշ Սոս Հակոբյանը հավելել է, որ Արսեն Նիկողոսյանի բնակարանում թմրանյութ են փնտրում:
ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը, ինչպես նաև Գյումրիում։
Հավելենք՝ վաղ առավոտից մեկնարկել է ընդդիմության քայլերթը Ֆրանսիայի հրապարակից։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։