ՌԱԴԻՈ

ՀՀ ֆոնդային բորսայի գործարքը դրական ազդեցություն կունենա կապիտալի շուկայի զարգացման վրա

ՀՀ ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԲ–ի հաղորդագրությանը, ըստ որի`Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը։
Sputnik
ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վաճառքին առնչվող գործարքը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու մեր կապիտալի շուկայի զարգացման վրա, առավել ևս, որ Վարշավայի ֆոնդային բորսան հանդիսանում է բավականին կայացած գործարքային հարթակ կապիտալի շուկայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ տվյալ գործարքի մասին հայտարարվել էր դեռ 2020 թվականին. ՀՀ ֆոնդային բորսան երկար ժամանակ մասնակիորեն պատկանում էր Ստոկհոլմի բորսային`NASDAQ OMX-ին։
«Նոր գործիքներից բացի, տվյալ գործարքը հնարավորություն կտա ավելի լայնորեն օգտագործել կապիտալի շուկայում ընդունված վճարային կամ հաշվարկային գործիքները։ Գործարքի գնահատումը տևել է բավականին երկար և նույնիսկ կարելի է ենթադրել, որ աշխարհաքաղաքական իրավիճակը որոշակի բացասական ազդեցություն կարող է ունեցած լինել այդ գնահատականի վրա, բայց ամեն դեպքում նոր հնարավորությունները միանշանակ գերակշռելու են»,– ասաց ՀՀ ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի նախկին ղեկավարը։
Քերոբյանի կարծիքով` ՀՀ ֆոնդային բորսայի սեփականտիրոջ փոփոխությունն աշխատանքի վրա էական նշանակություն չի ունենա, ընդհակառակը ներդրվելու են ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում համակարգերի զարգացման, տեխնիկական վերազինման նպատակով։ Ըստ նրա` ռիսկերի գնահատման առումով Հայաստանում, ինչպեսև ցանկացած այլ երկրում առկա ֆինանսական շուկաներում կիրառվում է հստակ մեթոդոլոգիա, սակայն դա նույնպես սեփականատիրոջ փոփոխության հետ կապ չունի։
«Առհասարակ պետության կապիտալ ծախսերը մասամբ ֆինանսավորվում են պետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ, այսինքն` պետությունն իր ռիսկը մասամբ տեղափոխում է ներդրողների վրա պարտատոմսերի կամ այլ գործիքների միջոցով, իսկ մեր ֆոնդային բորսան պետական պարտատոմսերի տեղաբաշխման առաջնային ու երկրորդային շրջանառության հիմնական հարթակն է։ Ուստի պետք է ուղղակի հետևել, թե պետությունն ինչպես է կարողանում պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով իր ներգրաված միջոցները ժամանակին ծախսել, որովհետև ժամանակի գործոնը շատ մեծ նշանակություն ունի»,– մանրամասնեց Քերոբյանը։
Նրա խոսքով` պետության կատարած կապիտալ ծախսերն ունեն շատ մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ, որովհետև որոշակիորեն ապահովում են ոչ միայն այդ ծախսերի ընթացքում ներգրաված ընկերությունների շրջանառությունը, այլև լրացուցիչ աշխատավարձերի, արտադրության միջոցների, հենց ծախսերի կատարման արդյունքում ձևավորված հարկերի տեսքով ապահովում են միջոցների հետվերադարձ և շրջանառության արագացում»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` բաժնետոմսերի 65,03 տոկոսի վաճառքը որակավորված մեծամասնությունից ցածր է, այսինքն` երկու երրորդից մի փոքր պակաս է, ինչը նոր սեփականատիրոջը հնարավորություն չի տալու միանձնյա ընդունել ռազմավարական որոշումներ։ Միակ հարցն այն է, թե արդյոք էժան չի վաճառվել վերոհիշյալ բաժնեմասը։ Քերոբյանի կարծիքով` անկախ ամեն ինչից, գործարքի դրական հետևանքները լինելու են ավելի շատ։
Նշենք, որ մայիսի 24-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերմանը։
Առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։