Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի պետական հատվածում կոռուպցիայի դեպքերը. փոխնախարար

Արփինե Սարգսյան
Արդարադատության փոխնախարարի խոսքով, կոմիտեն այժմ շատ ծանրաբեռնված է աշխատում, այդ պատճառով անհրաժեշտ է թողնել միայն այն գործերը, որոնք առաջնային նշանակություն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է զբաղվի պետական ոլորտում հանցագործությունների հետաքննությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նա շեշտեց, որ կոմիտեի ձևավորման ժամանակ առանձնացվել է 40 հաստիք, որոնցից 33-ը քննիչների համար է, իսկ մնացածը` կոմիտեի նախագահի տեղակալներն են և ստորաբաժանումների պետերը։
«Կոմիտեն մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում։ Միայն 2021 թվականի հոկտեմբերի 23-դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ։ Յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինում ունեցել է 10-11 գործ, ինչը չի կարող չանդրադառնալ քննության որակի վրա»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` այդպիսի ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս արդյունավետ աշխատել, հատկապես մեծ գործերի ուղղությամբ, որոնք կապված են պետությանը մեծ վնասներ պատճառելուն։
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է կոմիտեի քննությանը թողնել միայն կոռուպցիոն այն հանցագործությունները, որոնք իրականացրել են պաշտոնատար անձինք, այսինքն` պետական հատվածում իրականացված կոռուպցիոն գործերը։
Ընդ որում, կոմիտեն կքննի նաև ընտրակաշառքի, այլ աղբյուրներից (այլ ոչ թե հատուկ հիմնադրամից) ընտրարշավի ծախսերի, գույքի հայտարարագրման, կուսակցությունների օգտին խոշոր չափով ապօրինի ֆինանսավորման, ապօրինի դատական ակտերի և մի շարք այլ գործերի հետ կապված հանցագործությունները: