Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
ԱԽ քարտուղարը նշում է, որ Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Նշենք, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ։
«ՀՀ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը»,–ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում:
ԱԽ քարտուղարը նշել է, որ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ նույնպես կարող ենք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին:
Գրիգորյանի խոսքով` սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար, և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել։
Նշենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: