Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գրանցեց առաջին կորուստները Եվրոպայի առաջնությունում

Մեր հավաքականի կազմում առաջին ելույթն ունեցել է Վախթանգ Հարությունյանը և հաղթանակ է գրանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում մրցումային 2–րդ օրն առավոտյան մրցահերթում ռինգ դուրս եկան մեր հավաքականի 2 բռնցքամարտիկները` Ջանիկ Սահակյանը(54 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ) և Նարեկ Զախարյանը (71 կգ քաշային կարգ, 1/6 եզրափակիչ)։
Մեր բռնցքամարտիկներն անհաջողության մատնվեցին։ Եթե Ջանիկ Սահակյանն ուկրաինացի Ելմիր Նաբիևին զիջեց ակնհայտ կերպով` բոլոր 3 ռաունդներում, ապա Նարեկ Զախարյանը, որը մենամարտում էր սլովակ բռնցքամարտիկ Միխալ Թաքակսի հետ, շատ մոտ էր հաղթանակին, բայց 3–րդ ռաունդում հանգիստ եղավ ձեռք բերածով և պարտվեց ամբողջ մենամարտը։
Նշենք, որ մեր հավաքականի կազմում առաջին ելույթն ունեցել է Վախթանգ Հարությունյանը (75 կգ քաշային կարգ)` մայիսի 23–ին, և հաղթանակ է գրանցել։
Երեկոյան Համբարձում Հակոբյանը (80 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ) կպայքարի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։
Հայտնել էինք, որ մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը։ Այս առաջնությանը կմասնակցի 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: