ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նիստում այսօր հնչած հայտարարությունները վերաբերում էին բացառապես ընդդիմության բողոքի ակցիաներին ու որոշ չափով նաև վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցին։
Ընդդիմությունն ասպատակում է ԱԳՆ–ը, իսկ ընդդիմադիրը հանդիպում է Արարատ Միրզոյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում այսօր առավոտյան ԱԳՆ շենքի շրջափակման ակցիան «ԱԳՆ–ի ասպատակություն» կոչեց։
Նրա խոսքով` ընդդիմադիր պատգամավորները, օգտվելով պետական կառույցներ անարգել մուտք գործելու` իրենց մանդատների ընձեռած հնարավորությունից,ասպատակել էին ԱԳՆ–ը։
«Կարելի է ասել` պատանդառել էին ԱԳՆ տեղակալին, մի քանի տեսախցիկով նկարահանելով վերջինիս, ստիպում էին հանդես գալ կոչերով»,– ասաց Ջուլհակյանը։
Պատգամավորը կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին, թե այդքան քաջ են վերադառնան ԱԺ։
Իշխող խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն էլ տեղեկացրեց, որ մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանդիպում է խնդրել ԱԳ նախարարից ու հանդիպել նրա հետ, իր խոսքով` ստանալով իրեն հուզող հարցերի պատասխանները։ «Ես կարծում եմ` Արարատ Միրզոյանը բարի կգտնվի ու ձեզ հետ նույնպես կհանդիպի, եթե դուք քաղաքակիրթ ձևով հանդիպում խնդրեք»,– ասաց նա։
Իշխանական խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էլ ԱԳՆ–ի շենքի մոտի այսօրվա բողոքի ակցիան բնորոշեց որպես «հարձակում դիվանագետների վրա»։
«Հակապետական օրակարգ ունեցող այս խմբակը, որը հանդես է գալիս որպես խորհրդարանական ընդդիմություն, հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը` այս անգամ հարձակվելով մեր դիվանագետների վրա,– ասաց նա,– իրենց իրական կարգախոսն է` որքան վատ Հայաստանի համար, այնքան շատ հնարավորություն իրենց համար։ Ու կատաղել են, որովհետև չեն իրականացել իրենց ոչ բարոյական հույսերը»։
Հույսերը, ըստ Հռիփսիմե Գրիգորյանի, արտացոլված են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի` օրեր առաջ արած գրառման մեջ, որտեղ վերջինը, բրյուսելյան աղբյուրին հղում անելով, ներկայացրել էր, թե ինչ փաստաթուղթ է ստորագրելու Բրյուսելում Փաշինյանն Ալիևի հետ։
Իշխանամետ պատգամավորն արձանագրեց, որ որևէ պայմանագիր չի ստորագրվել, իսկ հանդիպման ավարտին հրապարակվել է բանավոր հայտարարություն։
Բրյուսելից առաջ ու հետո. ՔՊ–ն մեկնաբանում է ընդդիմության կանխատեսումները
Անդրադառնալով բրյուսելյան հանդիպումից հետո տարածված պաշտոնական հայտարարությանը` Հռիփսիմե Գրիգորյանը մասնավորապես խոսեց դրա` կոմունիկացիաներին վերաբերող հատվածի մասին։
«Հայտարարության մեջ ասվում է, որ ղեկավարները համաձայնեցրել են սկզբունքներ, որոնք կարգավորում են տարանցումն Ադրբեջանի արևմտյան մասից դեպի Նախիջևան և Հայաստանի տարբեր մասերի միջև` Ադրբեջանի տարածքով։ Ի՞նչ է սա նշանակում։ Որ Հայաստանի քաղաքացիների ու բեռների համար, օրինակ, Երասխից երկաթուղով Նախիջևանով հնարավոր կլինի հասնել Մեղրի` նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիների համար, օրինակ, Հորադիզից հնարավոր լինի անցնել Նախիջևան` Հայաստանի տարածքով»,– ասաց Գրիգորյանը։
Արփինե Դավոյանն էլ իր ելույթում արձանագրեց, որ ձևավորված ավանդույթով բոլոր կարևոր հանդիպումներից առաջ ընդդիմությունը ստահոդ, կեղծ հայտարարություններ է տարածում։
«Ուզում եմ ձեզ մի վատ լուր ասեմ` մարդիկ վաղուց ձեզ չեն հավատում և լուրջ չեն ընկալում, ու ձեր բոլոր հայտարարությունները, պատմություններն ու կանխատեսումներն արդեն անեկդոտների ու զավեշտալի պատմությունների աղբյուր են դարձել»,–կարծիք հայտնեց պատգամավորը։
Նշենք, որ ԱԺ հերթական նիստին այսօր նույնպես ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։