Վերջին 1 ամսում Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատատեղերն ավելացել են 2 300-ով. Քերոբյան

Ոլորտի աճը Հայաստանում վերջին ամիսներին պայմանավորվում է հատկապես ռուս-ուկրաինական իրադարձությունների արդյունքում Հայաստան տեղափոխված ընկերությունների գրանցմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. 2022թ․ ապրիլին գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 10 000-ով։ Այս մասին է վկայում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրապարակած վիճակագրությունը։
«Ֆեյսբուքում» հրապարակած տվյալներով, ապրիլին Հայաստանում աշխատատեղերի թիվը հասել է 664 736-ի։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մարտ ամսին ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը 654 784 էր։
Նախարար Քերոբյանը նաև հայտնում է, որ գրանցված նոր աշխատատեղերի մեջ մեծ թիվ են կազմում ՏՏ ոլորտի աշխատատեղերը։

«Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով»,- գրում է Քերոբյանը։

Աճել է նաև տվյալ ոլորտի աշխատավարձային ֆոնդը. պաշտոնական տվյալներով` 21%-ով կամ ընդհանուր առմամբ՝ 3․661 մլրդ դրամով։
Նշենք, որ այս ոլորտի աճը Հայաստանում վերջին ամիսներին հատկապես պայմանավորվում է ռուս-ուկրաինական իրադարձությունների արդյունքում Հայաստան տեղափոխված ընկերությունների գրանցմամբ։
Ապրիլի 29-ին Sputnik Արմենիային տված հարցազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ փետրվարի վերջից միչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՏՏ ոլորտում ռուսական կապիտալով 520 ընկերություն է բացվել։
Նրա ավելացրել է, որ մարտ ամսվա վերջի տվյալներով` ՌԴ-ից Հայաստան է ժամանել 70-75 հազար մարդ։