Վաշինգտոնի գլխավոր դատախազը դատի է տվել Մարկ Ցուկերբերգին

Մարկ Ցուկերբերգ
Պաշտոնյան կարծում է, որ ընկերությունների ղեկավարները պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վաշինգտոնի գլխավոր դատախազ Կարլ Ռասինը «Meta»* ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին դատի է տվել «Cambridge Analytica» վերլուծական ընկերությանը օգտատերերի տվյալներ փոխանցելու հետ կապված սկանդալի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալով` Ռասինը կարծում է, որ Ցուկերբերգն անմիջական մասնակցություն է ունեցել այն որոշումների կայացման հարցում, որոնք միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի են հանգեցրել։
«Այս հայցը ոչ միայն նպատակահարմար է, այլև անհրաժեշտ, դրանով պարզ է դառնում, որ կորպորատիվ առաջնորդները, այդ թվում` ընկերությունների ղեկավարները, պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար»,– ընդգծել է Ռասինը:
2018 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները փոխանցվել են քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող «Cambridge Analytica» ընկերությանը։ Ըստ ԶԼՄ–ների` միջադեպի «զոհ» էր դարձել օգտահաշիվ ունեցող գրեթե 90 մլն մարդ։
2019 թվականի ամռանը «Ֆեյսբուքին» 5 մլրդ դոլարով տուգանեցին դրա համար։ Տեղեկություն տարածվեց, որ կազմակերպության աշխատակիցներն այդ տվյալներն օգտագործել են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի շահերից ելնելով։
* Ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել ՌԴ-ում: