Վահրամ Դումանյանն ու Ժաննա Անդրեասյանը գործուղվել են Լոնդոն

Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գործուղման ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն կրթության որակի ապահովման կազմակերպության (QAA) գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Մանկավարժական լրացուցիչ կրթության քոլեջի պրոֆեսոր Դեյմ Էլիսոն Փիքոկի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ:
«Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանն այցելելու են Լոնդոնի համալսարանի կրթության և հասարակագիտության ֆակուլտետ, Դարտֆորդի միջնակարգ դպրոց: Նախատեսվում են այլ հանդիպումներ ու այցեր ևս, ինչպես նաև հուշագրի ստորագրում Բրիտանական խորհրդի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ այս տարի Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ:
2021 թվականին նախատեսված կրթական ֆորումը չի կայացել COVID-19 համավարակի պատճառով: