ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականները Լիսիչանսկի հազվագյուտ գազերի գործարանում վտանգավոր քիմիական նյութերով տարաներ են ականապատել, աշխատակիցներին ու խաղաղ բնակիչներին պատանդ են պահում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինվորականները ՌԴ ԶՈւ-ի ու ԼԺՀ-ի կազմավորումների դիրքերը գնդակոծում են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, որպեսզի հետո Ռուսաստանին մեղադրեն տեխնածին աղետ ստեղծելու և խաղաղ բնակիչներին ոչնչացնելու համար:
Ըստ գեներալի` մեկ այլ սադրանք էլ է պատրաստվում։ Սումիի մարզի Պուտիվլում Ուկրաինայի ուժայինները ականապատել են Սեյմ և Լյուբկա գետերի վրայով անցնող կամուրջները, որոնք պատրաստվում են պայթեցնել ու արդեն մշակված սցենարով ՌԴ ԶՈւ-ին մեղադրել քաղաքացիական ենթակառուցվածքի կենսական կարևոր օբյեկտներին անկանոն հարվածեր հասցնելու մեջ:
Նա ավելացրել է, որ ուկրաինացի ուժայինները կրակակետեր են ստեղծել Օդեսայի դպրոցներում, հարակից տարածքներում ծանր զինատեսակներ են տեղակայվել:
Իսկ ԴԺՀ–ի Կոնստանտինովկայի թիվ 39 արհեստագործական ուսումնարանի ուսումնական ու վարչական մասնաշենքի և հանրակացարանի շենքերում Ուկրաինայի ԶՈւ-ն հրետանային զենքեր ու ՀԿՌՀ-ներ է տեղակայել: Միզինցևը նշել է, որ ուսումնական հաստատությունների մոտակա տների բնակիչներին պահում են շենքերում անվտանգության ապահովելու պատրվակով:
Չնայած բարդություններին՝ անցած օրվա ընթացքում ավելի քան 13 հազար մարդ է Ռուսաստան տարհանվել Դոնբասի հանրապետությունների և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, նրանց թվում մոտ հազար երեխա կա: ՌԴ պետական սահմանը հատել է 195 հազար 700 միավոր անձնական ավտոմոբիլային տրանսպորտ, 697-ը` անցած օրվա ընթացքում:
Միզենցևի տվյալներով՝ ռուսական ինժեներական զորքերը ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում գրեթե 10 հազար պայթյունավտանգ առարկա են վնասազերծել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 89-րդ օրը։