ՌԱԴԻՈ

ՏՏ ոլորտի աշխատատեղերի աճը հիմնականում դրսի աշխատուժի հաշվին է. Ենգիբարյան

«Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, ըստ որի` մեկ ամսվա ընթացքում 13 տոկոսով կամ 2003–ով աճել է ՏՏ ոլորտում առկա աշխատատեղերի քանակը։
Sputnik
Վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստան են գալիս մեծ քանակությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ինչի արդյունքում էլ նկատվում է աշխուժացում տվյալ ոլորտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը`ընդգծելով, որ փաստորեն աճը հիմնականում դրսի աշխատուժի հաշվին է։
«Եթե, օրինակ, Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում ամերիկյան կամ եվրոպական կազմակերպություն և այստեղ բացում է նոր աշխատատեղեր, դա նաև մեր մասնագետների համար է, և այդ առումով բիզնեսը դառնում է նաև հայկական։ Բացի կազմակերպություններից, գալիս են նաև մասնագետներ, ինչը բացառիկ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար. այսինքն` ունենում ենք նոր բիզնես, նոր մասնագետներ, նոր որակ, և թարմ արյուն է ներարկվում այս ոլորտի մեջ»,– ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրենը։
Ենգիբարյանի կարծիքով` նման պայմաններում հնարավոր է ոլորտն ավելի մեծացնել, հասցնել միջազգային մասշտաբների, որովհետև 200 հոգուց բաղկացած կազմակերպություն հիմնելու համար մեզ անհրաժեշտ կլիներ մի քանի տարի, մինչդեռ հիմա Հայաստան են ժամանել ճանաչված ընկերություններ, ուստի այս առիթը պետք է հնարավորինս լավ օգտագործել և ամեն ինչ անել, որպեսզի այդ կազմակերպությունները մնան Հայաստանում։
Մասնագետի խոսքով` մեր կառավարությունը բավականին ճիշտ քայլ կատարեց, որ հարկային արտոնություններ տվեց վերոհիշյալ կազմակերպություններին, ինչը նույնպես խթան է և պետք է շարունակ հետաքրքրվել, թե ինչպիսի պայմաններ են պետք ոլորտի հետագա զարգացման համար։
Նշենք` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարել է, որ աշխատատեղերի աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով։
Աճել է նաև տվյալ ոլորտի աշխատավարձային ֆոնդը. պաշտոնական տվյալներով` 21%-ով կամ ընդհանուր առմամբ՝ 3․661 մլրդ դրամով։
Այս ոլորտի աճը Հայաստանում վերջին ամիսներին հատկապես պայմանավորվում է ռուս-ուկրաինական իրադարձությունների արդյունքում Հայաստան տեղափոխված ընկերությունների գրանցմամբ։
Ապրիլի 29-ին Sputnik Արմենիային տված հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ փետրվարի վերջից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՏՏ ոլորտում ռուսական կապիտալով 520 ընկերություն է բացվել։
Նրա ավելացրել էր, որ մարտ ամսվա վերջի տվյալներով` ՌԴ-ից Հայաստան է ժամանել 70-75 հազար մարդ։