Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման հետևանքով 200 գ/մ խողովակաշար է վնասվել. քաղաքապետարան

Փլուզված հատվածի վերականգնման համար որոշվել է աշխատել 24 ժամ։ Ճանապարհի վերականգնման հարցում կառուցապատողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով 200 գծամետր խողովակաշար է վնասվել։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Մելքոնյանը։
Նա նաև հայտնեց, որ ջրագծի վերականգնման շուրջ կառուցապատողի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Այս առիթվ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր տեղակալ Կամո Արեյանին հիշեցրեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզված հատվածի վերականգնման համար որոշվել էր 24 ժամ աշխատանք կատարել ։
«Բայց երեկ ես ժամը տասի կողմերն էի այնտեղ, տեխնիկա չէր աշխատում»,– ասաց Սարգսյանը։
Արեյանը հայտնեց, որ քաղաքապետի հանձնարարականի կատարումը սկսվել է։
«Փլվածքի ամբողջ երկայնքով պետք է ճանապարհը վերակառուցվի, իրականացվեն ամրացման աշխատանքներ։ Պետք է վերականգնվեն նաև գործող ստորգետնյա կոմունիկացիաները։ Առայժմ գազատարին ձեռք չի տրվել, որովհետև առայժմ դրա անհրաժեշտությունը չկա։ Հեղեղատար համակարգն ամբողջությամբ կվերակառուցվի նորովի, այդ թվում` ոռոգման խողովակը, որը երեկ նկատել ենք»,– ասաց Արեյանը` հավելելով, որ ամրացման տեխնոլոգիան վերջնականապես որոշելուց, հաշվարկները կառուցապատողի հետ համաձայնեցնելուց հետո` առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն կսահմանվի եռահերթ աշխատանքային ռեժիմ։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել էր, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։
Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված հատվածում շինարարական աշխատանքներ է իրականացնում «Սահակյանշին» ՓԲԸ–ն։