ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի ու արցախցիների ճակատագրի վերաբերյալ հնչող հայտարարություններին Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը միանշանակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Արցախի իշխանությունը վերաբերվում մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան–Շառ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպամանը, բանակցություններին, ինչպե նաև այն հայտարարությանը, որտեղ չկա «Լեռնային Ղարաբաղ» եզրույթ, այլ «Ղարաբաղ» է նշվում, ինչպես նաև տեղի էթնիկ հայերի մասին է խոսվում։
Ավանեսյանը շեշտեց` հարցի շուրջ դիրքորոշումը մի քանի անգամ արտահայտել են Արցախի նախագահն ու Ազգային ժողովը։
Ավանեսյանը հիշեցրեց նաև 2021 թվականի դեկտեմբերին նախագահ Արայիկ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը։
«Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։ Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է»,– նշեց Ավանեսյանը` մեջբերելով Հարությունյանի դրույթները։
Նա նաև ընդգծեց` Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։
Արցախի նախագահի խոսնակի պնդմամբ՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։
Նշենք, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: