Starbucks սրճարանների ցանցը հեռանում է ռուսական շուկայից

Կես տարվա ընթացքում ընկերությունը կվճարի Ռուսաստանի իր աշխատակիցների աշխատավարձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Աշխարհի խոշորագույն Starbucks սրճարանների ցանցը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից։ Տեղեկությունը նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Starbucks-ը վերջնական որոշում է կայացրել դուրս գալ և այլևս ներկա չլինել շուկայում այդ ապրանքանիշի ներքո», - նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի սկզբին ընկերությունը հայտարարել էր Ռուսաստանում իր գործունեության դադարեցման և սրճարանների փակման մասին:
Starbucks-ը նշում է, որ վեց ամսվա ընթացքում աշխատավարձ կվճարի Ռուսաստանի իր երկու հազար աշխատակիցներին, ինչպես նաև օգնություն կցուցաբերի նրանց այլ աշխատանք ստանալու հարցում:
Starbucks-ը, որը հիմնադրվել է 1971 թվականին Սիեթլում, կառավարում է աշխարհի ավելի քան 32 հազար սրճարաններից բաղկացած ցանցը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 89-րդ օրը։