Սա ուխտագնացություն է. հաշմանդամություն ունեցող զինվորները Երուսաղեմ կգնան

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ զինվորները նախ ԱԺ–ի մոտից դեպի Թբիլիսի կգնան, որից հետո այնտեղից Երուսաղեմ կմեկնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հաշմանդամություն ունեցող մի շարք զինվորներ կմեկնեն Երուսաղեմ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի բարեգործական նախաձեռնության նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Զինվորի տան հետ Երուսաղեմ մեկնողների առաջին ցանկն արդեն կազմել են։
Նշենք, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական ծրագիր։ Այսօրվա նիստին մասնակցում էին նաև այն զինվորները, որոնք պետք է մեկնեն հանգստի։
Զինվորների հետ մայիսի 26-ին Երուսաղեմ կմեկնեն նաև ՔՊ–ական պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարեկ Զեյնալյանը։
«Զինվորի տան գլխավոր բուժքույրը նույնպես տղաների հետ կլինի։ Իսկ երկրորդ փուլում նախատեսում եմ, որ ես և Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև Արփի Դավոյանը կլինենք ձեզ հետ։ ԱԺ խմբերը կուղեկցեն զինվորներն, քանի որ ԱԺ–ն է կազմակերպել այս ամենը։ Ի դեպ, Երուսաղեմ մեկնողների երկրորդ խմբի ցանկն առաջինից մեծ է լինելու։ Սա, առհասարակ, իր բնույթով ուխտագնացություն է»,–ասաց Քոչարյանը։
Նա հայտնեց, որ զինվորները նախ ԱԺ–ի մոտից` մայիսի 25-ին, ժամը 10-ին Թբիլիսի կգնան, իսկ հետո այնտեղից` Երուսաղեմ։ Քոչարյանը նշեց` այնտեղ կհանդիպեն ՀՀ դեսպանին, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ կլինեն։
Նա տեղեկացրեց նաև, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքն արդեն իր 2 պատվիրակներին ՀՀ է ուղարկել, որպեսզի ուղեկցեն տղաներին։ Քոչարյանի խոսքով` շատ կուզենային, որպեսզի սայլակով տղաներին էլ նման հնարավորություն տրվի, սակայն գիտեն, որ Երուսաղեմում աստիճանները շատ–շատ են, ուստի դեռ պետք է առաջին այցի արդյունքներն ամփոփել, նոր մյուսների հարցը որոշել։