Միրզոյանն ու Լավրովը քննարկել են սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորման հարցը

Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցերն առերես քննարկել էին Դուշանբեում գտնվող Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը:
Նշենք, որ նախօրեին էլ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: