Մարզերում «Եռաբլուրի» օրինակով կբարեկարգվեն Արցախյան պատերազմի զոհերի գերեզմանները

Բանակի օրը Եռաբլուրում. Արխիվային լուսանկար
Նախագծի համաձայն` կպատրաստվեն ու կտեղադրվեն 67 տապանաքարեր, որոնցից 66-ը` Սիսիանում, 1-ը` Տավուշի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանի մարզերում հուղարկավորված Արցախյան պատերազմի զոհերի տապանաքարերը ևս կպատրաստման ու տեղադրվեն պետության կողմից, այնպես, ինչպես դա արվեց Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հանրային հարթակում։
Նախագծի համաձայն` կպատրաստվեն ու կտեղադրվեն 67 տապանաքարեր, որոնցից 66-ը` Սիսիանում, 1-ը` Տավուշի մարզում։
Սիսիանի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 67 զոհվածներից 66–ը զոհվել են 44-օրյա պատերազմում, մեկը` Հայկ Սամվելի Քարամյանը, զոհվել է 2018 թվականին` մարտական հերթապահության ժամանակ։
Հայկ Քարամյանը հուղարկավորված է Սիսիանի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է նաև 44-օրյա պատերազմում զոհված Վահե Արսենի Քարամյանը։
Նշվում է, որ երկու զինծառայողների շիրմաքարերը մինչ օրս տեղադրված չեն, քանի որ նրանց ընտանիքները գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարներ չեն ստացել։
67 տապանաքարերի պատրաստման ու տեղադրման համար պետբյուջեից առաջարկվում է հատկացնել 77,5 մլն դրամ։
Տապանաքարերի պատրաստման ու տեղադրման համար հիմք է ընդունվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված տապանաքարերի ձևն ու արժեքը։
Նախագիծն այսօրվանից դրվել է հանրային քննարկման։ Այն կառավարության հաստատմանը կներկայացի հունիսի 7-ից հետո։
2021թ-ի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման էր բարեկարգել։ Նախատեսվող ծախսերը, նախարարության հաշվարկով, կազմել են շուրջ 1,5 մլրդ դրամ։