ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» հուշադրամը

Դավիթ Բեկի արձանը Կապանում
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին Հալիձորի բերդապարիսպն է Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ: Դարձերեսին՝ դրվագ Դավիթ Բեկի հուշարձանից՝ Կապանում (քանդակագործներ՝ Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.), ձիու ոտքերի տակ թափված զենքի պատկերներ:
Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ։
Դավիթ Բեկը ծառայել է վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի հայերի խնդրանքով իր զորախմբով 1722 թ. սեպտեմբերին մտել է Սիսիան և Կապան ու ղեկավարել օտար զավթիչների դեմ բռնկված ժողովրդական շարժումը:
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» հուշադրամը
1722-1725 թթ. ազատագրել է ամբողջ Սյունիքը իրանական զորախմբերից ու մահմեդական զավթիչներից: Կարճ ժամանակահատվածում կազմակերպել է հայկական կանոնավոր զորագնդեր ու կարգավարժ բանակ, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր՝ հիմնելով հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով:
1725-1727 թթ. օսմանյան բանակը փորձել է գրավել Սյունիքը: 1727 թ. փետրվարի 26-ին Դավիթ Բեկն իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում, հերոսաբար կռվել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ, մարտի 4-ին անսպասելի հակագրոհով ջախջախել և փախուստի մատնել նրանց Սյունիքի սահմաններից դուրս: Հալիձորի ճակատամարտում ոչնչացվել է 13000 թուրք ասկյար, թշնամուց առգրավվել է 148 մարտական դրոշ։ Ձեռք բերված հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանն ու հայկական զորքերի հետագա հաջողություններին:
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան և Համո Բեկնազարյանի գեղարվեստական կինոնկարը։ Դավիթ Բեկի հուշարձանը կանգնեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում: