ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
Ինքնաբացարկի միջնորդությունը Բիշարյանին ներկայացվել է այսօր` մայիսի 23-ին, Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննության ընթացքում։
Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմքով, որ քրեական գործը Բիշարյանին է մակագրվել ձեռքով, ինչը օրենքի խախտում է ու կասկածի տակ է դնում գործի քննության անաչառությունը։
Զինծառայողների ծնողները ևս հայտարարեցին, որ միանում են Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած միջնորդությանը։
«Մենք` տուժողի իրավահաջորդներս, պահանջում ենք, որ ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեք, քանի որ մենք բոլորս չենք ուզում, որ դուք վարեք այս դատը»,- ասաց անհետ կորած զինծառայողի մորեղբայր Արսեն Ղուկասյանը։
Տուժողի իրավահաջորդներից Կարին Տոնոյանն ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե դատավորն իրենց պահանջը չհարգի և ինքնաբացարկ չհայտնի, ապա ծնողներով թույլ չեն տալու, որ դատը շարունակվի։ Տոնոյանը հայտնեց նաև, որ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին դիմում է փոխանցելու այդ հարցով։